Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները «ծաղկում են ապրում». Օվերչուկ

Ռուսաստանը և Ադրբեջանը երկկողմ հարաբերությունների ծաղկում են ապրում, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ելույթ ունենալով Պրիմակովյան ընթերցումների ժամանակ։


Նրա խոսքով, որը մեջբերում են ռուսական լրատվամիջոցները, Մոսկվան և Բաքուն հաջողությամբ համագործակցում են Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման և այլ նախագծերի շուրջ։


«Ադրբեջանի հետ մենք ապրում ենք հարաբերությունների ծաղկում։ ...Մենք ունենք մի շարք շատ հետաքրքիր, խոշոր նախագծեր, այդ թվում՝ արդյունաբերության զարգացման։ Մենք համատեղ արդիականացրել ենք մեր անցակետերը։ Շատ արդյունավետ ընթանում են ավտոտրանսպորտի անցման աշխատանքները, սահմանին ուշացումներ չկան»,- նշել է նա։


Օվերչուկը նշել է, որ Ադրբեջանն իրեն դիրքավորում է որպես «տրանզիտ երկիր», ինչը չափազանց օգտակար է Ռուսաստանի համար տնտեսական զարգացման տեսանկյունից։ Նրա խոսքով՝ Բաքվի քաղաքականությունը Մոսկվային թույլ է տալիս զարգացնել արտահանման հոսքերը և կատարելագործել պայմանները գլոբալ Հարավի ուղղությամբ դրանց առաջխաղացման համար։